
Ես Մկրտիչ Տոնոյանն եմ` հայ արվեստագետ, «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահ և ԱՄՀԼ ՀԿ-ի «Գեղարվեստական կոմունա» արվեստագետների կացարան ծրագրի համահիմնադիր, Հայաստանի նկարիչների միության անդամ:
Ծնվել եմ 1974թ.-ի Սեպտեմբերի 21-ին Երևանում: 1990թ.-ին ընդունվեցի Եր. Փ. Թերլեմեզյանի անվան գեղ. ուսումնարան, բայց դարձա «Ազգային լեգեոն» երիտասարդական կամավորական ջոկատի անդամ և դասերի փոխարեն գնացի պատերազմ:
Մինչև պատերազմի ավարտը մասնակցեցի Արցախյան պատերազմին, անցնելով սարսափների, մահվան, ավերածությունների, հիասթափությունների ու ոգևորությունների միջով, կորցրեցի իմ լավագույն ընկերներց շատերին…
Սահմանային իրավիճակներում հայտնվելն ինձ օգնեց հասկանալ կյանքի իսկական արժեքը: Բայց պատերազմից հետո չէի կարողանում գտնել իմ տեղը խաղաղ կյանքում: Հասարակությունը ամբողջությամբ փոխվել էր. երբ գնում էի պատերազմ` «կոմունիզմ» էր, իսկ երբ վերադարձա` նոր աճող «վայրի կապիտալիզմ»: Եվ ես որոշեցի մնալ բանակում և փոխանցել իմ մարտական փորձառությունը երիտասարդ զինվորներին` դա էր միակ տեղը, որ կարող էի ինձ դրսևորել, քանի որ միայն այդ փորձն ունեի: Ես ի վիճակի էի խոսել միայն պատերազմի մասին, իսկ ապրել պատերազմական հուշերով և ծանր էր, և հաճելի ինձ համար: Այդժամ ես գտա ազատագրման մի ուղի` դա արվեստն էր:
Կարծես մոռացել էի, որ մի քանի ամիս գեղարվեստի ուսումնարանի ուսանող եմ եղել, որ ես նկարել ու ջնջել գիտեի, որ ես կարող եմ աշխարհակառույցի դեմ առճակատման գնալ` «ջնջել» ու կառուցել մի նոր «աշխարհ»:
«Դե արի բոլոր իմ այս հիշողությունները, լավ ու վատ զգացողությունները փոխակերպեմ արվեստի». ասացի ինքս ինձ և գնացի շարունակելու իմ ուսումը: 1996-2002թթ.-ին սովորեցի Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետում:
Ուսմանս զուգահեռ աշխատել եմ բանակում և զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ իմ մարտական ընկերներից մի քանիսի հետ միասին: Գրել եմ հոդվածներ, ունեցել ամ հեռուստաելույթներ մերօյա մշակութային հիմնախնդիրների, հայ արվեստի ժառանգության և համաշխարհային գործընթացների մասին:
1994թ.-ից եղել եմ Ալեքսանդր Մելքոնյանի աշակերտը, ով հիմնեց մի նոր ուղղություն հայկական կոնցեպտուալ արվեստում, այն կոչելով` «Ռազմական գեղարվեստ»:
2002թ.-ին ընկերներիս հետ միասին հիմնացիք «Ակոս» մշակութային ՀԿ-ն և այդօրվանից գործում եմ արվեստի դաշտում` հորինելով և իրականցնելով նաև ժամանակակից արվեստի նախագծեր, մասնակցելով բազմաթիվ տեղի և միջազգային ցուցահանդեսների և այլ միջոցառումների:
2006թ.-ին հիմնել եմ «Ակոս-ՀՀԱԿ» (Հասարակական հետազոտությունների արտ կենտրոն) արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը Հայաստանում և ղեկավարում եմ այն առ այսօր:
2008թ.-ին Սուսաննա Գյուլամիրյանի հետ միասին հիմնել ենք «Գեղարվեստական կոմունա» արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը ԱՄՀԼ-ի ներքո: Ղեկավարել եմ այս ծրագիրը մինչև 2009թ.- ի ավարտը:
Այժմ շարունակում եմ ղեկավարել և զարգացնել «Ակոս-ՀՀԱԿ» արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը, համագործակցելով տեղի, տարածաշրջանային ու միջազգային արվեստի կենտրոնների և ցուցասրահների հետ:
Լավ ընկերներ ունեմ Հայաստանում և արտասահմանում, որոնք ինձ օգնում են իրականացնել իմ ծրագրերը և ես շնորհակալ եմ ու սիրում եմ նրանց:
Ամուսնացած եմ ունեմ երկու աղջիկ:
Մ. Տոնոյան