Հոկտեմբերի 2-10, 2010
3-րդ Թբիլիսիի արվեստի միջազգային ցուցահանդես
«ԱՐՏԻՍՏԵՐԻՈՒՄ» 2010
և սիմպոզիում «Տրանսլիլեյշն»
5-6 հոկտեմբեր
«Ռազմագեղարվեստական» նախագիծ
ըստ Մկրտիչ Տոնոյանի
Ինստալացիա
Անվանումը` «Անցյալն ապագայում»
Գաղափարը` Երբ ժամանակը կոնսերվացված է.
Ռազմական իրավիճակներում բոլոր ժամանակաձևերն էլ ակտուալ են, իսկ կյանքը միշտ լուսանցքային գոտում է` մարգինալում:
Յուրաքնչյուրը, ով հայտնվեց կամ հայտնվում է կամ կհայտնվի կամուֆլաժ ծածկույթի ներքո թեկուզ մի քանի րոպեով զգաց, զգում է կամ կզգա այն ինչ զգում էր, զգում է կամ զգալու է թաքստոցից կյանքին հետևող զինվորը:
Զինվորը դիրքերում արդեն քաղաքացիական կյանքի մաս չի կազմում, բայց ապագայում միշտ նա է իր կյանքով վճարում խաղաղության ժամանակ` կամուֆլաժի մյուս կողմում գործած սխալների համար: Պատերազմը միշտ անցյալ է թվում, բայց այդ անցյալը կոնսերվացված է մեր ենթագիտակցական վարքի մեջ և հասուն մարդը միշտ կրում է այն ապագայում նորից վերապրելու վախը:
Եվ ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպե՞ս ենք արժեվորում անցյալը, ո՞ր դիտակետից ենք նայում մեր պատկերացրած ապագային, քանի որ մենք կարող ենք արժեվորել միայն անցյալը, բայց ոչ ապագան: Բայց միշտ, երբ մենք վերլուծում ենք անցյալը, փորձելով գտնել այն սխալները, որոնք պահածոյացված վախի պատճառ են դարձել, մենք տեսնում ենք, որ վախը մեր հիշողության հիմքում է, և ստիպում է մեզ մեր անվստահության թաքստոցից նայել ներկային, նույնիսկ վերացական ապագային` ինչպես զինվորն իր դիրքից` կամուֆլաժ ցանցի միջով։

Եվ այնպես ստացվեց, որ մենք թաքնվում ենք անհոգ, հոգևոր և վստահելի ապագայից, ինչպես զինվորն է թաքնվում, ամենինչ և ամենքին ընդունելով որպես պոտենցյալ թշնամական: Հիմա մենք ունենք սովորույթի վերածված թաքնվելը, իսկ այն գալիս է դարերից և ոչինչ չի փոխվում կյանքում, բացի` տեխնիկական առաջընթացից:
Եկեք ազատություն տանք մեր մտքերին, թող ճախրեն անեզր տիեզերքում «Նոր ուտոպիան» գտնելու համար, որը յուրաքանչյուրինս կլինի, որտեղ չկա գերիշխում, պատերազմ, որտեղ մարդկությունը մի ստեղծագործություն է, որով Աստված է պարծենում, և մարդը վերագտել է իր «Աստվածակերպությունը»:
Չէ որ, մարդկության երազներում է թաքնված Երկրի ապագան:
Կատարումը և նկարագրությունը.
Նյութեր`
Ռազմական կամուֆլաժ ցանց, 3 ռազմամթերքի արկղեր,
2 կտոր չոր հաց, ապակե տարրա, խաղալիք զինվորիկներ, արկղերի փոքրիկ մոդելներ:
Կամուֆլաժ ցանցը կախվում է առաստաղից ապակե տարրայի ֆորմայով: Մի ճեղք է թողած, որտեղից մարդիկ կարող են մտնել ինստալացիայի մեջ: Այնտեղ մեկ այլ ինստալացիա կա` 3 ռազմամթերքի արկղեր` հացի 2 կտոր վրան իսկ ապակե տարրան դրված է դրանց մեջտեղում:
Տարրան կարծես մեծ ինստալացիայի մակետը լինի` լցված խաղալիք զինվորիկներով:






